20 դեկտեմբերի 2019 - 16:20 AMT
Քոչարյանի խափանման միջոցի մասով վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել էր Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Վերաքննիչ Քրեական դատարանն օրինական ուժի մեջ է թողել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 7-ի որոշումը: Վերաքննիչի որոշման եզրափակիչ մասն ընթերցել է նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանը՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը կարելի է բողոքարկել Վճռաբեկ դատարանում ստանալու պահից 15-օրյա ժամկետում, հայտնում է Panorama.am-ը։

Դատական նիստն ավարտվել է:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։