20 նոյեմբերի 2008 - 12:28 AMT
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դաշինքին անդամակցելու ծրագիր է առաջարկել Վրաստանին
Վալենսիայում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 54-րդ ընդլայնված նիստում հատուկ հռչակագիր է ընդունվել ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ: Հռչակագրում ասվում է, որ «ռուսական ռազմական համակազմը դեռեւս մինչ հակամարտության մեկնարկը գերազանցել էր Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում խաղաղապահ ուժերի թույլատրելի քանակը, ինչն էլ պայմանավորեց լարվածության աճը հակամարտության երկու տարածաշրջաններում»:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն նշում է նաեւ, որ «օգոստոսին հաճախակի դարձած հարձակումները վրացական գյուղերի վրա սադրանքի պատճառ հանդիսացան, որին, ցավոք, Վրաստանը պատասխանեց ռազմական ուժով»: Վեհաժողովն ընդգծում է, որ Հարավային Օսեթիան եւ Աբխազիան Վրաստանի բաղադիչ մասերն են, եւ այդ փաստը ՌԴ-ն ճանաչել է 2008թ. ապրիլի 15-ի բանաձեւում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ԽՎ-ն անհրաժեշտ է համարում հակամարտության անկախ քննությունը: Հռչակագիրը հակամարտության լուծման միակ ուղին համարում է քաղաքական երկխոսությունը եւ բանակցությունները եւ կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին աջակցել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում եւ աջակցել էներգակիրների տարանցմանը Վրաստանի տարածքով` ռուսական էներգետիկ ռեսուրսներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Վեհաժողովը կոչ է արել դաշինքի անդամ երկրներին դաշինքին անդամակցելու ծրագիր առաջարկել Վրաստանին եւ օգնել նրան վերականգնել պատերազմի ժամանակ տուժած ենթակառուցվածքները, սատարել ժնեւյան բանակցություններին` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հակամարտությունների կարգավորման փոխընդունելի լուծումներ գտնելու համար, պահպանել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում տեւական կայունության պահպանման համար, հորդորել ՌԴ-ին կատարել հրադադարի մասին համաձայնագրի պահանջները:

Խորհրդարանական վեհաժողովը նաեւ գրանցել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումներին, որտեղ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստում տրվեց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: