23 դեկտեմբերի 2019 - 16:43 AMT
Samsung-ի պայթող սմարթֆոնը գլխավորել է 10-ամյակի հիասթափությունների ցանկը

The Verge պարբերականը կազմել է տասնամյակի գլխավոր հիասթափությունների վարկանիշը: Ըստ ցուցակի, գաջեթների առումով ամենամեծ ձախողումը համարվել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը:

Լրագրողները նշել են, որ 2016-ին այն անվանում էին շուկայում հայտնված լավագույն սմարթֆոններից մեկը, մինչև որ լուրեր հայտնվեցին բռնկման դեպքերի մասին: Թողարկումից մոտ մեկ ամիս անց հայտնի դարձավ նմանատիպ առնվազն 35 դեպքի մասին: Արդյունքում Samsung-ը ստիպված էր հրապարակավ խոստովանել մարտկոցի խոտանն ու հետ կանչել Samsung Galaxy Note 7 ամբողջ խմբաքանակը, գրում է Lenta.ru-ն:

Բացի վերոնշյալ սարքից ցուցակում են ընդգրկվել նաև Windows Phone հարթակը, վաճառքում ձախողված Google Glass ակնոցը, Amazon Fire հեռախոսը, 3D էկրանով հեռուստացույցները, Google Hangouts ծրագրային ապահովումը և MacBook խնդրահարույց ստեղնաշարը: Ինտերնետի ոլորտում հակավարկանիշի առաջին հորիզոնականում ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի նախագահ Աջիթ Փայն է հայտնվել, որն անձամբ էր առաջ մղում ցանցային չեզոքության սկզբունքի չեղարկումը: