23 դեկտեմբերի 2019 - 15:45 AMT
Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի Վարդանյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»,-ասվում է հրամանագրում:

Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: