23 դեկտեմբերի 2019 - 19:06 AMT
Մխիթարյանի մայր․ Խայտառակ շոու, ոչ թե ՀՖՖ նախագահի ընտրություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են խայտառակ մթնոլորտում:

Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունից հետո հայտարարել է ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրն է:

«Որոշել էի լռել, բայց չկարողացա: Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն, նախապես ամեն ինչը պայմանավորված էր, անելիք չկար»,-ասել է Թաշչյանը՝ հավելելով, որ իր 40 տարվա ֆուտբոլային գործունեության ընթացքում նման բան չէր տեսել:

Նրա խոսքով՝ անընդունելի է, որ հավաքականի հետ նույն ինքնաթիռով այլ մարդիկ էլ են թռչում: Թաշչյանի խոսքով՝ ինքը մեկ անգամ հավաքականի հետ Պալերմո է մեկնել և անծանոթ մարդկանց է տեսել, ովքեր մեկնել են հավաքականի հետ:

«Անցած անգամ մեկնել են իր աները և զոքանչը, մեկ անգամ տուրիստներ: Ես ասել եմ Մելիքբեկյանին, որ սա սխալ որոշում է»,-ասել է Թաշչյանը:

Նա նշել է, որ ընտրություններն անցել են խախտումներով՝ մատնանշելով, թե Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր: Թաշչյանի խոսքով՝ Վանեցյանի օրոք ամեն ինչ շատ սահուն էր անցնում: Չնայած դրան՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամը միևնույն ժամանակ նշել է, որ Վանեցյանը շատ զբաղված էր, և ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարել են երկու հոգի՝ քարտուղարներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը:

Դեկտեմբերի 23-ին 6 ձայնի առավելությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի:

Կարդացեք նաև.Թաշչյան. Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել