24 դեկտեմբերի 2019 - 11:50 AMT
ՊԵԿ-ը մոտ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ է հայտնաբերել ուղեբեռում

Պետական եկամուտների կոմիտեումկանխել են Հայաստանի սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը:

Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի՝ մոտ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և մոտ 10 գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Նյութերը՝ պոլիէթիլենային փաթեթներով գտնվել են ճամպրուկի ստորին հատվածում պատրաստված թաքստոցում:

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: