2019-ը կարևորվել է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ: Այդ մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը:
Նա նկատել է, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատարվել, ՀՀ են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ, հայտնում է Aysor.am-ը:
«Սա փաստում է, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում են զարգանում: Մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - ասել է նա:
Կոպիրկինը նաև ընդգծել է, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում:
«Մենք բարձր ենք գնահատում նաև այն փոխհարաբերությունները, որոնք մեր երկրները իրականացնում են միջազգային կառույցներում», - ասել է դեսպանը՝ նկատելով, որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին: