20 նոյեմբերի 2008 - 18:36 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում կքննարկեն Հայոց ցեղասպանության հա՞րցը
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցերը նոյեմբերի 24-ին Ստամբուլում նշանակված հանդիպման ընթացքում: Ինչպես այսօր հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը, բոլոր հարցերը դրված են բանակցությունների սեղանին եւ «մենք մտադրված չենք խոչընդոտել խնդիրներից որեւէ մեկի քննարկմանը»: «Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում եւ 1915թ. իրադարձությունները շոշափող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- հայտնել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ՍՏՀԿ Քարտուղարության նիստին: Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կազմակերպության գործունեության ծրագիրը հետագա 6 ամիսների համար, որոնց ընթացքում Հայաստանը նախագահելու է ՍՏՀԿ-ում: