25 դեկտեմբերի 2019 - 18:03 AMT
Երևանի տրանսպորտային նոր ցանցին անհրաժեշտ մոտ 850 ավտոբուսի համար փետրվարին մրցույթ կհայտարարվի

Երևանի տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար պահանաջվում է մոտ 850 ավտոբուս, որոնց մատակարարման համար 2020-ի փետրվարին մրցույթ կհայտարարվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ավտոբուսները մատակարարել փուլերով:

«Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը Երևանում կլինի 2020-ի ընթացքում: Ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն երկու օր է՝ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կառավարության և դոնոր կազմակերպության հետ: Նախնական տեղեկատվությամբ, 2020-ի փետրվարին Երևանի նոր տրանսպորտային համակարգի ավտոբուսների համար մրցույթ կհայտարարվի»,-գրել է Կարապետյանը:

Քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ այս փուլում համապատասխան մասնագետներ են ներգրավվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման մրցութային փաթեթները նախապատրաստելու համար: