26 դեկտեմբերի 2019 - 11:12 AMT
Երևանում ժամանցի օբյեկտները բնակելի շենքերից ու կրթ.հաստատություններից 100 մ հեռավորությամբ կլինեն

Զվարճանքի և ժամանցի օբյեկտները Երևանի ավագանու որոշմամբ կտեղակայվեն բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա: Դրանք իրավունք կունենան գործունեություն ծավալել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. հոկտեմբերի 1-ից:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է: Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ:

Երևանի քաղաքապետն ու ավագանու անդամները նկատել են, որ օրենքը որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն ունի և համայնքն այդ առումով կարող է նախաձեռնել օրենսդրական նոր կարգավորումներ:

Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2020թ. փետրվարի 11-ին: