Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան ` Փանոսյանին կրկին կալանավորելու համար։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար»,-ասվում է գրառման մեջ:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը՝Նորայր Փանոսյանն ազատ էր արձակվել 2019-ի նոյեմբերի 6-ին: Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։