27 դեկտեմբերի 2019 - 12:49 AMT
Սահմանադրագետ. ՍԴ նախագահի դեմ գործընթացում անձեռնմխելի պաշտոնյայի հանդեպ քրհետապնդման տարրեր կան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ գործընթացում կան փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, ով անձեռնմխելի է։ Այս մասին հայտնել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, հաղորդում է Pastinfo.am-ը:

Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ դատավորի նկատմամբ քննչական գործողություն կատարելու դեպքում պետք է զսպվածություն և զգոնություն ցուցաբերել՝ չդիպչելով դատարանի կամ դատավորի հեղինակությանը:

«Ես այս շենքում երկու տարի աշխատել եմ, եղել եմ նախկին ՍԴ նախագահի խորհրդականը, ունեմ տասից ավել հոդվածներ ՍԴ-ի դերի, գործառույթների վերաբերյալ, այդ թվում երաշխիքների։ Այսօր մենք ականատես ենք լինում, որ այդ երաշխիքները չեն պահպանվում»,- նշել է Արամ Վարդևանյանը:

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ էլինար Վարդանյանը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը Սահմանադրական նորմերի խախտում է համարել, հաղորդում է Aysor.am-ը:

«Հրայր Թովմասյանին չէին կարող մեղադրանք առաջադրել՝ ելնելով այն հանգամանքից, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել նախկին կարգավորումներով, որոնք նախատեսում էին ոչ միայն ֆունկցիոնալ անձեռնմխելիություն, հետևաբար այս մեղադրանքն իսկապես աբսուրդի ժանրից է», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը Սահմանադրական նորմերի խախտում է:

Վարդանյանի խոսքով՝ նախագահի կողմից դեկտեմբերի 27-ին ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը բացահայտ ճնշում է:

«Հույս ունեինք, որ դրա սահմանադրականությունը նախագահը կվիճարկեր, կգտնվեր իր տեղում և կիրականացներ Սահմանադրությամբ իր նախատեսված պարտավորությունները, բայց ստորագրեց ու սա ճնշման գործիքներից մեկն է ՍԴ նկատմամբ», - ասել է Վարդանյանը:

Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դեկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: