«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, իրենց համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը:
«Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»,- ասել է Ավետիսյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ ամփոփելով 2019-ը, ափսոսանքով ստիպված են փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին են:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը ներառյալ մնում է համակարգային ճգնաժամի մեջ, ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների՝ պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային մասով:
Ավետիսյանի խոսքով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
«Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն: Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ: Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ»,-ասել է նա:
Ավետիսյանը հավելել է, որ հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Ըստ նրա՝ երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
«Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը»,- ասել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգողը:
Ավետիսյանը նշել է, որ այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը: «Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը»,-ասել է նա: