27 դեկտեմբերի 2019 - 15:16 AMT
Գյումրիի մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա

Գյումրիի ավտոմաքսատունը դեկտեմբերի 27-ից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Դեկտեմբերի 27-ին Փաշինյանն ացելել է Գյումրի, որտեղ ծանոթացել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին: Վարչապետը նաև հանդիպել է ավտոներկրողների հետ։

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը:

Մաքսատունը կաշխատի շուրջօրյա, քանի որ հունվարի 1-ի փոխվում է ՀՀ ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման կարգը:Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: