27 դեկտեմբերի 2019 - 17:58 AMT
Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այդպիսով Ֆրանսիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:

Եվրամիության անդամ 28 երկրից 23-ը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։