28 դեկտեմբերի 2019 - 11:53 AMT
Փաշինյանը՝ նախկիններին․ Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռևս ազատության մեջ եք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2008-ի կադրեր է հրապարակել և գրառում արել՝ նշելով․ «Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռևս ազատության մեջ եք»:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ »: