22 նոյեմբերի 2008 - 14:05 AMT
ԵՄ փորձագետ. Թուրքիան դեռ պատրաստ չէ մտնել Եվրամիություն
Եվրամիություն մտնելու համար Թուրքիան պետք է խթանի 2002թ. սկսված բարեփոխումների արագացմանը եւ ձախողումների պատճառով չարգելակի: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական երկխոսություն. ճեղքել արատավոր շրջանը» սեմինարի ժամանակ հայտնել է ԵՄ փորձագետ, Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հարցով աշխատավոր խմբի անդամ Ռիկարդո Սերրին: Նրա խոսքերով, 2005թ. հոկտեմբերին Թուրքիայում ավելացավ եվրոպական չափանիշներին համապասխանող օրենքների թիվը: «Այժմ մենք կարող ենք ասել, որ Թուրքիան իր պարտականությունները կատարում է բավարար չափով, բայց ոչ` բավականաչափ: Պետք է խոստովանել, որ ներկայիս Թուրքիան խիստ տարբերվում է 1990-ականների երկրի օրինակից: Բայց այդպես էլ չլուծված են մնում Կիպրոսի, Հայաստանի հետ սահմանի բացման հարցերը, նկատվում է բարեփոխումների ընթացքի դանդաղացում: Ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆրանսիան կտրուկ դեմ է հանդես գալիս Թուրքիայի անդամությանը, եւ նախագահ Սարկոզիի այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է Սերրին` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը կարող է օգնել Անկարային` հաղթահարելու որոշ դժվարությունները Եվրոպայի ճանապարհին: