7 հունվարի 2020 - 14:41 AMT
Իրանը վրեժի 13 տարբերակ է մշակել Սոլեյմանիի սպանության համար

Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհուրդը ներկայացրել է վրեժի 13 տարբերակ՝ ԱՄՆ կողմից Բաղդադում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի սպանության համար։ Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Ալի Շամհանին։

«Այսօրվա դրությամբ ԱԽ-ում ներկայացվել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ»,-հայտնում է ՏԱՍՍ-ը Fars-ի վրա հղումով։

Շամհանին հավելել է, որ «դրանցից ամենամեղմը նույնիսկ կարող է պատմական մղձավանջ դառնալ ԱՄՆ համար»։

Ըստ նրա, «ամերիկացիները գիտեն, որ խոցելի են Իրանի պատասխանի համար»։ «Եթե ԱՄՆ ուժերը չցանկանան ինքնուրույն հեռանալ տարածաշրջնից, մենք կստիպենք նրանց դա անել»,-ասել է Իրանի ԱԽ քարտուղարը։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։