7 հունվարի 2020 - 17:05 AMT
Իրանում Սոլեյմանիի թաղմանը հրմշտոցից մոտ 40 մարդ է զոհվել

Իրանի Կերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցից մոտ 40 մարդ է զոհվել։ Տուժածների թիվը հասնում է 213-ի։

Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը Իրանի Արտակարգ օգնության կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդի վրա հղումով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր 30 զոհվածի և 190 տուժածի մասին։ Հրմշտոցի պատճառ է դարձել արարողության մասնակիցների չափազանց մեծ քանակը։ Արարողությունը հետաձգվել է, հստակ ժամն ավելի ուշ կհայտարարվի։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։