8 հունվարի 2020 - 11:37 AMT
Երևանում ԱՄՆ դեսպանատունը վիզայի հետ կապված փոփոխություններ կանի

Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետևանքով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Հարցազրույցը չեղարկվելու դեպքում խնդրվում է հետևել ստորև նշված քայլերին․ ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցների դեպքում պետք է շարունակել ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ «Եթե հարցազրույցի նոր օր նշանակվել է դեսպանատան կողմից, էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցների դեպքում դեսպանատունը կվերանշանակի հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրվի դիմամուտուի նշած էլ․ փոստի հասցեով։

Հայտարարության տեքստը տեղադրվել է նաև պարսկերեն լեզվով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքն Իրանի քաղաքացիներին է վերաբերում: Վերջին տարիներին այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ ԱՄՆ մուտքի արտոնագիր էին ստանում Երևանում:

Նշվում է նաև, որ դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերը ևս փոփոխվել են: «ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։