8 հունվարի 2020 - 16:11 AMT
ՀՀ քաղաքացիները կարող են 62 երկիր մեկնել առանց վիզայի

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 62 երկիր: Ըստ Henley Passport Index վարկանիշային կազմակերպության՝ Հայաստանն 81-րդն է աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում: Նշվում է նաև, որ մեր երկիրն իր ցուցանիշը բարելավել է 3 տեղով. 2019-ին հայկական անձնագրով և առանց վիզայի հնարավոր էր այցելել 60 երկիր:

Աշխարհի ամենահզոր անձնագրերի ցանկում առաջինը ճապոնականն է՝ այդ երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 191 երկիր:

2019-ին Ճապոնիան նույնպես ցանկի առաջատարն էր՝ 190 երկրով, 2020-ին այդ ցուցանիշն ունի երկրորդ տեղը զբաղեցնող Սինգապուրը: Երրորդ հորիզոնականը կիսում են Գերմանիան և Հարավային Կորեան՝ առանց վիզայի 189 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ռուսական անձնագրով նման հնարավորություն տրվում է 118 երկիր այցելելու համար (51-րդ տեղ): Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 116 երկիր (53-րդ տեղ), իսկ Ադրբեջանի՝ 67 (76-րդ տեղ):

Henley & Partners-ի փորձագնետները նշում են, որ ասիական երկրներն արագորեն բարելավում են իրենց ցուցանիշներն այս ցանկում: Վերջին մեկ տարում Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան բարձրացել են 4 հորիզոնականով՝ զբաղեցնելով համապատասանաբար 18-րդ և 66-րդ տեղերը: