8 հունվարի 2020 - 16:22 AMT
Քաղավիացիա. Իրանի օդային տարածքը շրջանցելու որոշում չկա

Հայաստանը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Իրան և չի շրջանցի այդ երկրի օդային տարածքը, PanARMENIAN.Net-ին ասացին ՀՀ քաղավիացիայի կոմիտեում: Կառույցում նշեցին, որ այս պահի դրությամբ Իրանի օդային տարածքը շրջանցելու որոշում չկա, նման հայտ չի ներկայացվել:

Ավելի վաղ «Ուկրաինական ավիաուղիները» չեղարկել էր դեպի Իրան թռիչքները հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանում իր Boeing 737-ի կործանումից հետո: Air France-ն ու Lufthansa-ն նույնպես հայտնել էին, որ չեն օգտվի Իրանի և Իրաքի օդային տարածքից, իսկ Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներն այդ երկրներով, ինչպես նաև Պարսից ծոցի և Օմանի ծոցի տարածքով:

Ավիավթարի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: