9 հունվարի 2020 - 19:04 AMT
Ամերիկյան PBS-ը հեռուստաշոուի ընթացքում կպատմի հայկական խոհանոցի մասին

Ամերիկյան PBS հեռուստաալիքով հունվարի 20-ին կսկսվի «Անձնագիր չի պահանջվում» շոուի երկրորդ եթերաշրջանը: Դրանում շեֆ-խոհարար Մարկուս Սամուելսոնը պատմում է Ամերիկայի ազգային համայնքների խոհանոցների մասին:

2-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդում հաղորդավարը կպատմի Լոս Անջելեսի հայ համայնքի և հայկական խոհանոցի մասին, գրում է LA Weekly-ն:

Շոուի շրջանակում շեֆ-խոհարարը ուղևորություն է կատարում Արևելյան Հոլիվուդից Գլենդեյլ՝ այցելելով տարբեր հայկական ռեստորաններ և հանդիպելով Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եթովպիայից և Եգիպտոսից ԱՄՆ ներգաղթած հայերի հետ: Սամուելսոնը ուսումնասիրում է հայկական հարուստ պատմությունն ու ազգային տարբեր ուտեստները:

«Ես հայտնաբերեցի, թե որքան բազմազան է համայնքը»,- ասել է Սամուելսոնը:

Ըստ նրա՝ տարբեր երկրներից եկած հայերը բազում տարբեր ավանդույթներ ունեն և միաժամանակ հարգում ու պահպանում են սեփական ավանդույթները:

«Փորձեցի շատ համեղ ուտեստներ և հետաքրքիր զրույցներ ունեցա: Տեսա, թե որքան են այդ մարդիկ հպարտանում իրենց հայ լինելով և Լոս Անջելեսում ապրելով»,- նշել է նա:

Շոուն պատմում է այն մասին, թե ինչպես են Լոս Անջելեսում ծնված երիտասաևրդ հայ խոհարարները համադրում նոր բաղադրիչներն ու պատրաստման եղանակները հայկական ավանդական բաղադրատոմսերի հետ, որոնք ժառանգել են տատերից ու պապերից: