9 հունվարի 2020 - 11:26 AMT
ՀՀ նախագահը ցավակցել է Ուկրաինայի և Իրանի նախագահներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի իր պաշտոնակիցներին՝ Վլադիմիր Զելենսկուն և Հասան Ռոհանիին՝ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:

ՀՀ նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-ը կործանվել է Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիում 176 մարդ կար, ոչ ոք չի փրկվել: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: