Երևանի տարածքում եղած Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկվում է մասնագետների հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որի տակ վերանորոգման ժամանակ հին շինություններ էին գտել:
2003-ին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ շինարարները պատնեշի հանդիպեցին, ինչից հետո հնագետներ հրավիրվեցին ու պարզվեց, որ դրա ամբողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:
«Սա կարող է իրականություն դառնալ շուտով: Առայժմ այսքանը»,- նշել է նախարարը:
2003-ին կառույցներն ուսումնասիրել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի մասնագետները, ովքեր դրանք շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են համարվել:
Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679-ին Երևանում ավերիչ երկրաշարժ է եղել, որը, ըստ Զաքարիա Սարկավագի հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»: Շինություններն ավերվել են, բայց դրանց նկուղային հարկերը մնացել են: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ամբողջ տարածքը:
Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ շինություններ են եղել Հանրապետության հրապարակի տակ, կարելի է ընթերցել PanARMENIAN.Net-ի «Հանրապետության երկհարկանի հրապարակը, «թաքցրած» հուշարձաններն ու հնագետի չլսված առաջարկը» հոդվածում: