Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն Իրանում ուկրաինական ավիաուղիների Boeing 737-ի կործանման 3 վարկած ունի: Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարը հրապարակել է դրանք՝ չբացառելով հրթիռային հարվածը և ահաբեկչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներից մեկն ինքնաթիռի խոցումն է զենիթահրթիռային համակարգով, այդ թվում «Տոռ» ԶՀՀ-ով, քանի որ համացանցում արդեն տեղեկություններ կան ավիաաղետի վայրում ռուսական արտադրության հրթիռի բեկորների առկայության մասին: Վարկածներից են նաև բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, շարժիչի պայթյունը և խափանումը տեխնիկական պատճառներով, պայթյունն ինքնաթիռի ներսում ահաբեկչական ակտի արդյունքում»,- ասել է նա:
Ավելի վաղ Իրանի Քաղավիացիայի կազմակերպությունը հրապարակել էր վթարի վերաբերյալ իր նախնական զեկույցը: Ըստ կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեի՝ իքնանթիռը բռնկվել է օդում, շրջադարձ կատարել և վերադարձել հետ դեպի օդանավակայան: Կարգավարները արտակարգ իրավիճակի մասին անձնակազմից ազդանշաններ չեն ստացել:
Կործանումից անմիջապես հետո Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը կործանվել է շարժիչի բռնկման պատճառով: Աղետի վայրում հայտնաբերվել են սև արկղերը, բայց իրանական կողմը հրաժարվել է դրանք փոխանցել ԱՄՆ իշխանություններին և արտադրող ընկերությանը:
Ինքնաթիռի կործանումից մի քանի ժամ առաջ Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել ԱՄՆ ռազմակայանին Իրաքում:
Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են: