9 հունվարի 2020 - 16:41 AMT
Բակո Սահակյանը՝ Տեր-Պետրոսյանին. Անգնահատելի մասնակցություն եք ունեցել Արցախյան շարժման և ազատամարտի կազմակերպման մեջ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը՝ նշելով նրա «անգնահատելի մասնակցությունն Արցախյան շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը»:

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը»,- ասվում է Սահակյանի ուղերձում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնավարել է 1991-1998թթ.: Նա ղեկավարել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998-ի փետրվարի 3-ին։