24 նոյեմբերի 2008 - 15:50 AMT
Մետե Հաթայ. Կիպրոսի խնդրի հիմնական տարբերությունը ղարաբաղյան խնդրից նրանում է, որ թուրքերն ու հույները բանակցում են
Կիպրոսի խնդրի հիմնական տարբերությունը ղարաբաղյան խնդրից նրանում է, որ թուրքերն ու հույները բանակցում են ըստ ՄԱԿ-ի ծրագրի, իսկ Լեռնային Ղարաբաղում նման բան չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Օսլոյի Խաղաղության ինստիտուտի աշխատակից, Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցիչ Մետե Հաթայը: «Թուրքերը գնում են կղզու հունական մաս աշխատանքի, գնումների, ինչպես նաեւ հույներն են այցելում թուրքական մաս: Ինչպես գիտեք, տարանջատող պատը Նիկոսիայում քանդվել է եւ «կանաչ գծով» օրեկան անցնում է կղզու գրեթե ողջ բնակչությունը: Կղզու թուրքական մասում է բնակվում նաեւ հայ համայնքի մի մասը` շուրջ 2000 հոգի, մեր հարաբերությունները նորմալ են: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ հասարակության մակարդակով հույներն ու թուրքերը առանձնապես թշնամաբար չեն տրամադրված միմյանց հանդեպ: Սակայն Կիպրոսի շուրջ համաձայնագրի բացակայությունը շատ խնդիրների պատճառ է դառնում` սկսած օրենքների կատարումից մինչեւ հսկողության ոլորտների տարանջատում»,-ասել է Հաթայը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ թուրքական զորքերը Կիպրոսում են գտնվում «անհրաժեշտաբար» եւ եթե ստորագրվի Կիպրոսի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի ծրագիրը, զորքերը կլքեն կղզին: Սակայն այն հարցին, թե այդ դեպքում ինչու է Թուրքիան դեմ ԼՂՀ Պաշտպանության բանակին, որը երաշխավորում է ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունը, Հաթայը խուսափեց պատասխանից` հավելելով, որ «բոլոր հարցերը պետք է լուծվեն փոխզիջումների հիման վրա»: Կիպրոսցի թուրքը նաեւ չցանկացավ խոսել ԼՂՀ «ադրբեջանական համայնքի» մասին: «Ցանկացած դեպքում ես գտնում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար չճանաչված հանրապետությունները պետք է ընդհանուր ռազմավարություն մշակեն, ճիշտ է, հաշվի առնելով շահագրգիռ կողմերի կարծիքը»,-ասել է նա:

Կիպրոսը կիսված է երկու մասի 1974թ. ի վեր: Կղզում է գտնվում 35-հազարանոց թուրքական զորակազմը: ՄԱԿ-ի ծրագրով նախատեսվում է համաձայնագիր ստորագրել կղզու վերամիավորման եւ ընդհանուր վարչակազմի ստեղծման մասին: 2004թ. կայացած վերջին հանրաքվեում հունական համայնքը մերժեց ՄԱԿ-ի ծրագիրը: