10 հունվարի 2020 - 14:12 AMT
Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներին ազատելու դեմ բողոքող մայրերը դատախազի հետ հանդիպումից մասամբ գոհ են

Ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերը Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայից հետո հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ինչպես հայտնում է Aysor.am-ը՝ ծնողները մասամբ գոհ են հանդիպման արդյունքներից:

Հունվարի 10-ին առավոտից ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալներին ազատ արձակելու դեմ բողոքի ակցիա են անում իրենց նորածին երեխաներին տարբեր տարիների կորցրած մայրերը: Նրանք նշում էին, որ երեխաների ծննդյան և մահից հետո տրված փաստաթղթերի մեջ անհամապատասխանություններ են եղել, իսկ գործերի քննությունն օբյեկտիվ չի տարվել: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները ողջ են:

«Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը նշել է, որ իրենց պահանջը մեկն է՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: Մայրերը նշել են, թե կասկածներ ունեն, որ դատախազության աշխատակիցները միջամտում են գործի բացահայտմանը:

«Հանդիպեցինք գլխավոր դատախազի հետ: Ներկա էին այլ պաշտոնատար անձինք, նրանք վստահեցրին, որ գործն օբյեկտիվորեն քննվելու է, ցանկալի արդյունքը ստանալու ենք: Ասացին, որ բողոքարկել են Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը ու սպասում են արդյունքներին», - նշել է Հայկուհի Խաչատրյանը:

2019-ի դեկտեմբերի 18-ին ապօրինի որդեգրման գործի շրջանակում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դեկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ ապօրինի որդեգրումների քրգործով 5 մեղադրյալն էլ դատարանների կողմից ազատ են արձակվել։ Աբրահամյանն ազատ էր արձակվել առանց գրավի։ Դատախազությունը բողոքարկել է ապօրինի որդեգրումների գործով խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները: