Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչում , «Հայկական ժամանակին» տեղեկացրել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը:
Փաստաբանը նշել է, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր։
«Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,- ասել է նա:
Պաշտպանը չի ցանկացել գործից այլ մանրամասներ հայտնել:
Նարեկ Սարգսյանի կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։
Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: Նրա դեմ քրգործեր են հարուցված զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ու նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկից գծանկարներ հափշտակելու մեղադրանքներով։