24 նոյեմբերի 2008 - 16:57 AMT
Հայկ Դեմոյան. Մենք կրկին կհիշեցնենք Բարաք Օբամային, թե որքան սերտ է կապված ԱՄՆ-ի պատմությունը Հայոց ցեղասպանության հետ
Հաջորդ տարի կլրանա Հայոց ցեղասպանության մասին «Հոգիների աճուրդ» առաջին գեղարվեստական ֆիլմի 90 տարին, եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լրջորեն նախապատրաստվում է այդ հոբելյանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ֆիլմը նկարահանվել է Հոլիվուդում «Մետրո Գոլդվին Մայեր» կինոստուդիայի կողմից եւ առաջին անգամ ներկայացվել է 1918թ. փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում: «Մենք բանակցում ենք ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի 90 տարի անց նույն հյուրանոցում կայանա ֆիլմի երկրորդ ցուցադրությունը: Ցավոք, պահպանվել է գեղարվեստական ֆիլմի միայն մի մասը»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը եւ հավելել, որ 2009թ. լրանում է ամերիկյան «Near East Relief» բարեգործական կազմակերպության հիմնադրման 90-ամյակը, որը Հայոց ցեղասպանության տարիներին 118 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել Հայաստանին: «Նշելով այս հիշարժան տարեթվերը, մենք կարող ենք մեկ անգամ եւս հիշեցնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային, թե որքան սերտ է կապված ԱՄՆ-ի պատմությունը Հայոց ցեղասպանության հետ»,-հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: