Երևանի համար նախատեսված վերելակների մյուս խմբաքանակը կգնվի մրցութային կարգով, PanARMENIAN.Net -ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ 2020-ին Երևանում նախատեսված 100 վերելակի փոխարեն համայնքային միջոցներով կփոխարինվի 500-ը: Դա կարվի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ և համայնքի միջոցներով:
«Քաղաքային իշխանությունը տնտեսած միջոցները և բյուջեի՝ սպասվածից ավելի եկամուտների մի մասբ ուղղում է այս ծրագրին` ավելացնելով նախօրոք հայտարարված ծավալը», - նշեց խոսնակը:
Կարապետյանն ավելացրեց նաև, որ առաջիկայում կուսումնասիրվեն բազմաբնակարան շենքերը, կկազմվի փոխարինման ենթակա վերելակների ցանկը և կհայտարարվի գնման մրցույթ։
«Մրցույթի արդյունքում կիմանանք, թե որ երկրի արտադրության վերելակներ են, ինչ պարամետրերով և այլն», - նշեց Կարապետյանը:
2020-ին տեղադրվող 500 վերելակը բելառուսական արտադրության է: Դրանք հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
2019-ին մայրաքաղաքի 10 վարչական շրջանում փոխարինված 20 նոր վերելակն արդեն գործարկվել է: Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ: մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: