11 հունվարի 2020 - 16:18 AMT
Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրգործ չի հարուցվի

Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, «Հայկական ժամանակին» ասել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը)»,- ասել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ արարքը վարչական պատասխանատվության ենթակա է Վարչական օրենսգրքի 95-րդ հոդվածի հիմքով (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը), ինչի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանում Նժդեհի արձանը ներկելու դեպքի:

Հրապարակման հիման վրա ոստիկանությունում սկսվել էր նյութերի նախապատրաստումը։ Հաջորդ օրը Շահեն Հարությունյանը հրավիրվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարածի վերաբերյալ բացատրություն տալու։ Դեկտեմբերի 13-ին հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։