13 հունվարի 2020 - 11:16 AMT
Բաքվում հայերի ջարդերից 30 տարի է անցել. Դրանք շարունակվում էին 7 օր

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990-ի հունվարի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվում էին 7 օր: Դրանց ընթացքում սպանվեց մոտ 400 հայ, մոտ 200-ն էլ վտարվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից:

Բաքվում սպանված հայերի թիվը հնարավոր չէ հստակ որոշել, քանի որ կոտորածների վերաբերյալ գործի հետաքննություն չանցկացվեց:

Բաքվում հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Հունվարի 13-ին` ժամը 17:00-ից հետո, մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Բաքվի Լենինի հրապարակում, բաժանվելով խմբերի, սկսել է մեթոդաբար՝ անցնելով տուն առ տուն, «մաքրել» քաղաքը հայերից:

Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը՝ Լենինի փողոցն արյամբ էր ողողված: Ադրբեջանի մայրաքաղաքում ապրող ռուսները սարսափով են հիշում իրենց հարևանների հետ հաշվեհարդարի տեսարանները: Ադրբեջանցիների ամբոխները նրանց գնդակահարել են, գցել պատշգամբներից, ողջակիզել և նույնսիկ անդամահատել:

Այդ օրերին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում ասվում էր. «Խելագարված ամբոխները սպանեցին առնվազն 25 մարդու Բաքվի հայկական թաղամասում, որը խորհրդային հանրապետության մայրաքաղաք էր: «Մի խումբ խուլիգաններ հանցանքներ են կատարել»:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ կոչ անելով Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցույցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվել է մոտ 300,000 հայ: