13 հունվարի 2020 - 13:22 AMT
Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ

Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ: Նա կհնչյունավորի մուլտիպլիկացիոն կերպարներին, գրում է «Վեդոմոստին»՝ Times-ին հղումով:

Այդ գործունեությունից ակնկալվող միջոցները Մարքլը մտադիր է փոխանցել «Փղեր առանց սահմանների» բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է վայրի բնության և որսագողերից կենդանիների պաշտպանությամբ:

Նշվում է, որ Մարքլն առաջին ձայնագրությունն արել է դեռ Սուրբ Ծննդյան տոներից առաջ՝ Կանադա պաշտոնական այցից 6 շաբաթ առաջ: Ըստ պարբերականի, Սուրբ ծնունդից առաջ թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներն արդեն հանդիմանել էին ամուսնական զույգին առանձին ընկերությունների, այդ թվում Disney-ի հետ, պայմանագիր կնքելու համար:

Ավելի վաղ արքայազն Հարին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների: Ամուսիններն այլևս չեն հավակնի թագավորական ընտանիքի ծախսերի համար հատկացվող դրամաշնորհի միջոցներին: Դրամաշնորհի հաշվին է փոխանցվում Մեծ Բրիտանիայի հողերից և ակտիվներից ստացված եկամտի 15 տոկոսը: Այդ միջոցների հաշվին են ֆինանսավորվում թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական ուղևորությունները, նստավայրի պահպանման ծախսերը, ինչպես նաև աշխատավարձ է վճարվում սպասարկող անձնակազմին: Ամուսնական զույգը նաև մտադիր է ինքնուրույն վաստակել՝ հրաժարվելով թագավորական ընտանիքի «ավագ» անդամների լիազորություններից:

Photo. Chris Jackson/Getty Images