13 հունվարի 2020 - 13:15 AMT
Ռևազյան. 2020-ին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք կլինի

Հայաստանում 2020-ին զբոսաշրջիկների լուրջ հոսքեր են սպասվում, ինչում մեծ ազդեցություն է ունեցել բացվող նոր ուղղությունների համար «օդի տուրքի» չեղարկումը, ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկինում դեպի Եվրոպա 6-7 ուղղություն է գործել, փոփոխությունից հետո 16-17 ուղղություն կլինի, փոխանցում է Factor.am-ը:

«Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով։ Միաժամանակ հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա», - ասել է Ռևազյանը։

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ սպասվող հոսքը կապված է Ryanair-ի՝ Հայաստան մուտքի հետ, քանի որ ավիաընկերությունը ևս կենտրոնանում է զբոսաշրջային հոսքերի վրա:

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը 2019-ի սեպտեմբերին հայտնել էր Հայաստան մուտք գործելու մասին: Լոուքոսթերի թռիչքները Երևանից կմեկնարկեն 2020-ի հունվարից։ Երևանից չվերթներ կիրականացվեն 3 նոր ուղղությամբ՝ Երևանի-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին, ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։

Բացի այդ, 2020-ի ապրիլից Հայաստանից դեպի Վիեննա և Վիլնյուս շաբաթական 2 անգամ թռիչք կիրականացնի նաև Wizz Air բյուջետային ավիաընկերությունը: