13 հունվարի 2020 - 18:48 AMT
Հրաչյա Հակոբյան. Վանեցյանի պաշտոնանկության պատճառը հեղաշրջման փորձն էր

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հղում անելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հոդվածին, հայտնում է Factor.am-ը:

Հակոբյանի խոսքով՝ Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնավորապես կնոջ և դստեր մասին կեղծ տեղեկություններ տարածելն է եղել:

Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում վարչապետի ընտանիքի մասին տեղեկությունների հավաքագրում եղել է, բայց դեռ պետք է պարզվի, թե երբ է սկսվել այդ արշավը:

«Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել է նա:

Հարցին, թե գիտեին իշխանությունները, որ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում՝ Հակոբյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ, պարզապես հղում է անում այդ մասին հրապարակված հոդվածին:

Հունվարի 12-ին «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Վանեցյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ միասին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ Աննա Հակոբյանի և դստեր Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել: