25 նոյեմբերի 2008 - 14:07 AMT
«Արտույտների ագարակը» ֆիլմը կներկայացվի «Ստուպենի» II միջազգային կինոփառատոնին
Նոյեմբերի 27-ին Կիեւի Կինոյի տանը կկայանա «Ստուպենի» II միջազգային իրավապաշտպան կինոփառատոնի բացումը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, փառատոնի շրջանակներում կցուցադրվի իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության մասին: Ընդհանուր առմամբ փառատոնի ծրագրում կա 100 ֆիլմ աշխարհի 30 երկրներից, ընդ որում` 50 փաստագրական, 12 կարճամետրաժ, 14 անիմացիոն եւ 13 երաժշտական տեսահոլովակներ: Փառատոնի հյուրերի թվում է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը:

Նշենք, որ «Ստուպենի»-ն միակ միջազգային իրավապաշտպան կինոփառատոնն է, որն անցկացվում է ԱՊՀ երկրների տարածքում, եւ որում իրավապաշտպան թեմատիկան խնդիրների այսքան լայն շրջանակում է ներկայացված: Փառատոնին ցուցադրվում են ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքներին, կենդանիների եւ բնության պահպանությանը, ինչպես նաեւ հոգեւոր, փիլիսոփայական եւ սոցիալական թեմատիկայի եւ քաղաքական խնդիրները լուսաբանող ֆիլմեր: Այդ փառատոնի միակ համարժեքը ամերիկյան Artivist փառատոնն է, որն անցակցվում է Հոլիվուդում: