14 հունվարի 2020 - 14:43 AMT
Նախարար. ՀՀ տնտեսական աճը 2019-ին առնվազն 7.5% կկազմի

2019-ին Հայաստանը կունենա առնվազն 7.5% տնտեսական աճ, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ 2019-ի լավ հիմքի վրա, լավ է սկսվել նաև 2020-ը:

«11 ամսվա արդյունքներով մենք ունենք 7.5% տնտեսական ակտիվություն, և, որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը: Արդյունաբերության ոլորտում 9.3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել 11 ամսում: Ծառայություններն աճել են գրեթե 15%-ով, ներքին առևտրաջրջանառությունը՝ 9.2%, շինարարությունը՝ 4.5 %, արտահանումն աճել է 9%-ով: Սա նշանակում է, որ մենք, չնայած 2019 թվականի տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռ ամփոփված չեն, արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7.5 % տնտեսական աճ: Սա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ նա նշել է, որ 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունն աճել է 40,000-ով:

Խոսելով զբոսաշրջային ցուցանիշների մասին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա 9 ամսում 14․4% ներգնա զբոսաշրջության աճ կա։

2018-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի տնտեսական աճը կազմել էր 5.8%: