14 հունվարի 2020 - 18:18 AMT
Թորոսյանը՝ պետպատվեր չստացող հաստատությունների մասին. Դա կնպաստի նորածնային և մայրական մահացությամբ զբաղվելուն

Մոր և մանկան առողջությունը երկրի և առողջապահական համակարգի ամենակարևոր ոլորտներից մեկն է և մշակված չափանիշներին չհամապատասխանող ծննդատները ծննդօգնություն ցույց տալ չեն կարող, ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ մարզային կազմակերպությունների ծննդօգնության ծառայությունների պետպատվերի տեղակայման, մերժման հիմքերը, ծառայություների կարգավորման մեխանիզմները մշակվել, չափանիշները հստակեցվել են 2018-ին և բուժհաստատությունները տեղյակ են եղել սպասվող փոփոխություններից:

Մարզային առողջության 9 կենտրոնի մասով՝ 2020-ի համար պետպատվերի տեղադրման հանձնաժողովը որոշել է մերժել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների տրամադրման հնարավորությունը:

Նախարարի խոսքով՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող և ծննդօգնության կարգերի ստացման պահանջներին չհամապատասխանող հաստատությունները չեն կարող այդ ծառայությունը տրամադրել:

Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ ծննդօգնություն ցույց տվող մարզային հաստատություններում կարգերը վերանայելու գործընթացը հնարավորություն կտա լրջորեն զբաղվել նորածնային և մայրական մահացության դեպքերով :

Նրա խոսքով՝ Մարալիկի ծննդատանը պետք է ծնունդ ընդհանրապես չընդունվի, վերականգնման հարցը կքննարկվի համապատասխան պայմաններ ապահովելուց հետո: Անդրադառնալով Եղվարդի ծննդատանը՝ Թորոսյանը նշել է, որ պետպատվերի պայմանագիր չկնքելու հանգամանքը դեռ չի նշանակում բուժօգնության բացառում:

Նախարարի խոսքով՝ առանձին դեպքերում, ծննդկանի կյանքին ու առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով, ծննդաբերության ընթացքում առաջացած խնդիրները կարող են հրատապ ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխման անհրաժեշտություն առաջացնել: Համապատասխան պայմաններ չունեցող ծննդատների և ճանապարհների հեռավորության պատճառով մոր և մանկան առողջությանն ավելի մեծ վնաս է հասցվում, քան ծննդկանին միանգամից բազմաֆունկցիոնալ կենտրոն տեղափոխելու պարագայում:

«Ինչո՞ւ դա անել հրատապ, ինչո՞ւ վտանգել ծննդկանի և երեխայի կյանքը, եթե կարելի է անել պլանավորված և ավելի քիչ ռիսկի տակ դնելով ներկա և ապագա քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ծնունդներն ավելացնելու համար անհրաժեշտ է ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնություն տրամադրել:

Նախարարի համոզմանբ՝ ոչ մի բուժհաստատություն այս փոփոխության հետևանքով չի փակվելու. նա հաստատություններին առաջարկել է բարելավել շտապ բուժօգնության ծառայությունների որակը՝ խոստանալով աջակցել նաև ֆինանսապես: ԱՆ-ն պատրաստ է քննարկել նաև բուժաշխատողների զբաղվածության հարցը, սակայն, ըստ Թորոսյանի, որևէ մեկի զբաղվածությունն ապահովելու հարցը չի կարող հակասել կյանք փրկելու սկզբուքին:

«Ոչ պատշաճ, որոշ դեպքերում կատաստրոֆիկ ոչ պատշաճ, որոշները՝ թվային առումով ոչ պատշաճ, ծառայություններ մատուցող հաստատություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիություն ավելացնենք: Այս տարի մոտ 700 մլն դրամ ավելի գումար կա ծննդօգնության ծառայության մեջ դրված, որոնք պահված են, որպեսզի ծնունդների ավելացման դեպքում ծննդօգնության ծառայությունները ֆինանսավորվեն»,- ասել է նախարարը:

Հունվարի 13-ին բողոքի ակցիա էին իրականացնում Եղվարդի ծննդատան բժիշկները: Նրանք պահանջում էին վերանայել ԱՆ որոշումը:

Հունվարի 8-ին Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: