15 հունվարի 2020 - 10:42 AMT
Սպառողական վարկերի տրամադրման նոր համակարգ՝ Ամերիաբանկում

Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ: Այն գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա:

Նոր համակարգը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառողական վարկի ձևակերպումն իրականացնել առավել արագ և հարմարավետ: Հաճախորդի վարկունակության համակողմանի գնահատման շնորհիվ վարկի տրամադրման գործընթացն իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ: Ցուցանիշները ավտոմատ կերպով հաշվարկվում են հաճախորդի անձնական տեղեկությունների, վճարունակության, վարկային պատմության և այլ տվյալների հիման վրա:

Նոր ծրագրի դրական արդյունքներն արդեն շոշափելի են: Մասնավորապես, էապես ավելացել է հաստատված և տրամադրված սպառողական վարկերի քանակը: Մեկնարկային ամսում` 2019-ի նոյեմբերին, մեքենայական ուսուցման/արհեստական բանականության մոդելների հիման վրա տրամադրվել է ավելի քան 4824 սպառողական (ապառիկ) վարկ, ինչը նպաստել է 33%-ով սպառողական վարկերի պորտֆելի աճին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 7897, իսկ աճը` 35%:

2019-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նոր մոդելով սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 3,7 մլրդ դրամ, ինչի արդյունքում ապառիկ ֆինանսավորման ընդհանուր ծավալն աճել է 46%-ով:

Բանկը տեղեկացնում է նաև, որ դեռևս 2018-ի նոյեմբերից հաջողությամբ գործարկել է նմանատիպ համակարգ իրավաբանական անձանց՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ավտոմատ կերպով տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացվում է վարկային որոշում և վարկի փաստացի տրամադրում: Ծառայությունը հաջողությամբ շարունակում է գործել` բիզնեսին հնարավորություն տալով վարկի ստացման ամբողջ գործընթացը` հայտի լրացումից մինչև վարկային պայմանագրի ստորագրում կազմակերպել հեռահար: Մանրածախ բիզնես վարկերի 56%-ն այսօր հաստատվում և տրամադրվում է այս համակարգով: Նոր մոդելի ներդրումից հետո բիզնես վարկառուների քանակն աճել է 42%-ով: Նոր համակարգով արդեն իսկ հաստատվել և տրամադրվել է 1241 վարկ` 3,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է հաճախորդների հեռահար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից մեխանիզմներ, որոնք սպասարկումը կդարձնեն առավել արագ, ճկուն և հարմարավետ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019-ի 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: