Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 14-ին այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և փաստաբանների հետ:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ: Առանձնազրույցի ընթացքում Գրիգորյանի գիտակցությունը, ըստ ՄԻՊ ներկայացուցիչների, պարզ էր։
Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա մշտական բժշկական հսկողության տակ է և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:
Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է: Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: