15 հունվարի 2020 - 12:00 AMT
Նախագահի հորդորն ԱՄԷ հայերին՝ երեխաներին ծանոթացնել հայրենիքին, նրանք ՀՀ ապագա քաղաքացիներն են

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը Շարժայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպմանը հորդորել է տեղի հայերին այցելել Հայաստան, Արցախ, ճանաչել հայրենիքը և երեխաներին ծանոթացնել հայրենիքին, որովհետև նրանք ՀՀ ապագա քաղաքացիներն են։

«Ինձ համար հայաստանցի և Սփյուռք չկա։ Հայաստանը բոլորիս երկիրն է, բոլորիս հայրենիքն ու տունն է»,- ասել է նախագահը:

Դահլիճում գտնվող երեխաները հնչեցրել են մեծն Թումանյանի խոսքերը, որոնք փոքր-ինչ ձևափոխելով Սարգսյանը դիմել է նրանց. «Ապրե՛ք, երեխե՛ք, և մե՛զ պես ապրեք, որովհետև մենք հաղթող և ուժեղ ժողովուրդ ենք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից լա՛վ ապրեք։ Ապրե՛ք, երեխե՛ք և մեզնից ավելի մեծ հաղթանակներ ունեցե՛ք»:

Արձանագրելով, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է փոփոխվում, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն ժողովուրդները, որոնք ունեն որոշակի որակներ, պահպանել են իրենց ազգային մշակույթը, ինքնությունը, եկեղեցին, կրոնը, մշակույթը, լեզուն, կապված են իրենց հայրենիքի հետ, կարող են հաջողել։

«Դուք կարող եք կապել Հայաստանն աշխարհի հետ: Այն ժողովուրդները, որոնք հնարավորություն ունեն զարգացնել նոր տեխնոլոգիաները և արագ փոփոխվող աշխարհում կայուն և ինքնավստահ են, կկարողանան հաջողության հասնել... Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի դրանով»:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: