15 հունվարի 2020 - 18:49 AMT
1 տարուց ավելի Ղազախստանում գտնվող հայկական համարանիշերով մեքենաներն ապօրինի կհամարվեն

Եվրասիական տնտեսական միության երկրներից 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած մեքենաներն ապօրինի են համարվում, երկիր ներմուծվող տրանսպորտային բոլոր միջոցները պարտադիր պետք է գրանցվեն: Այս մասին հայտնում է Kolesa.kz-ն՝ հղում անելով Ղազախստանի «Ճանապարհային երթևեկության» մասին օրենքին:

Նշվում է, որ երկրի ոստիկանները գտել են համապատասխան օրենքը, որը կարգավորում է օտարերկրյա համարանիշեր կիրառող ղազախստանցիների երթևեկությունը:

Ներդրված համակարգի օգնությամբ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքներ և մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից:

Բացառություն են միայն «միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող» մեքենաները, որոնք ներմուծվում են Ղազախստան` ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Այլ կերպ ասած՝ օտարերկրյա համարանիշերով երթևեկել հնարավոր է 1 տարի՝ մեքենան երկրից դուրս հանելով նվազագույնը 30 օրով:

Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան:

2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:

Հունվարի 14-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ երկիր է ներմուծվել ռեկորդային՝ 189,000 ավտոմեքենա:

Ապահովագրողների տվյալներով՝ Ղազախստանում մոտ 170,000 քաղաքացի երթևեկում է օտարերկրյա պետհամարանիշերով: Նշվում է սակայն, որ որոշ տվյալներով, այդ թիվը հասնում է 200,000-ի: