16 հունվարի 2020 - 10:59 AMT
Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ հոգեհանգիստ կկատարվի

Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ հոգեհանգստյան արարողություն կկատարվի: Այն կկայանա հունվարի 19-ին Սբ Գայանե վանքում պատարագի ավարտին:

Արարողությունը կանցկացվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ:

Պատարագը կմեկնարկի ժամը 11:00-ին:

1988-ի փետրվարին Սումգայիթում ադրբեջանցիների սանձազերծած հայերի ջարդերից հետո 1990-ի հունվարի 13-20-ը հայերի ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում՝ մոտ 400 հայ սպանվեց: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրել է Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատել Հայաստանում: