16 հունվարի 2020 - 13:53 AMT
Նախարար. Եղվարդի ծննդատունը կգործի ևս 1 տարի

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարության որոշմամբ՝ 2019-ի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատուն 2020-ի հունվարի 1-ից պետության կողմից չէին ֆինանսավորվելու։

«Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի: Եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի ժամանակ կտեսնենք, որ պայմանները բավարարված են՝ բժշկական կադրեր, շենք-շինություններ, սարքավորումներ, ապա ծնունդների թիվը 136 լինելու պարագայում նրանց ևս մեկ տարվա անցումային տարի կտանք»,- ասել է նախարարը, մեջբերում է Shantnews.am-ը:

Նախարարի խոսքով` կանոնակարգվելու են նաև հետծննդյան վարման ծառայությունները, որ այսուհետ նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը բացառվեն։

Վերջին օրերին Եղվարդում ծննդատան փակման դեմ բողոքի ակցիաներ էին։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղ, և կան համայնքներ, որտեղից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը:

Մարալիկում ևս ծննդատան և հիվանդանոցի աշխատողները հունվարի 8-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ դժգոհելով առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից: Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր փակման պատճառներին՝ նշելով, որ այդ քաղաքում հնարավոր չէ վերակենդանացման ծառայությունների ամբողջ ծավալն ապահովել: