16 հունվարի 2020 - 14:47 AMT
Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանին հղումով հայտնում է Aysor.am-ը։

«Գիշերվա ժամը 11-ի տվյալներով պարոն Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում», - ասել է Բաղդասարյանը։

Ավելի վաղ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր: Դատախազությունը միջնորդել էր վերանայել այն՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Արտահերթ դատական նիստ էր հրավիրվել՝ քննարկելու խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարությունը։

Մանվել Գրիգորյանը հունվարի 12-ին տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Նա մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: