Իրանահայ երգիչ Էնդի Մադաթյանն իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նշվում է, որ միջոցառման ժամանակ Էնդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ամենատարբեր մշակույթներ ներկայացնող արտիստներին ընդունելու և հնարավորություններ տալու համար՝ հիշեցնելով, որ սա նոր սկիզբ է:
Էնդին ասել է, որ ստեղծագործում է ամերիկացի, իրանցի և հայ ժողովուրդների համար:
Փառքի ճեմուղում անվանական աստղի բացման հատուկ հյուրերից էր Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Թոյա Ջեքսոնը, ով Էնդիի վաղեմի ընկերներից է: Էնդին Ջեքսոնի քրոջ հետ «Թեհրան» անունով զուգերգ է կատարել: Այդ երգը, ինչպես և Մադաթյանի աշխատանքների մեծ մասը, պաշտոնապես արգելված են Իրանում և, չնայած դրան, շատ հայտնի:
Իրանաամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին՝ երգիչը նշել է, որ իր ամենամեծ երազանքն է, որ երկու երկրի հարաբերությունները կարգավորվեն, և մշակութային երկխոսությունը տեղափոխվի նոր հարթություն:
Հոլիվուդի փառքի ճեմուղում 2020-ին Էնդի Մադաթյանի աստղի կողքին աստղ են ստացել նաև ամերիկյան հայտնի արտիստներ Ալիշա Քիզը, 50 Cent-ը, Բիլլի Այդոլը և ուրիշներ:
Մադաթյանը ծնվել է 1956-ին: 22 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ և սկսել երաժշտությամբ զբաղվել: Ներկայումս Մադաթյանի երգերը ճանաչված են հատկապես ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում: