20 հունվարի 2020 - 12:48 AMT
ՀՀ և Չինաստանի միջև վիզաները պաշտոնապես չեղարկվել են

Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները պաշտոնապես ազատվել են մուտքի արտոնագրի (վիզայի) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

2019-ի մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել մուտքի արտոնագրի փոխադարձ վերացմանը:

Այն քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել և գտնվել միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների: