20 հունվարի 2020 - 16:49 AMT
Մեքսիկացի պատգամավոր. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատում ենք

Մեքսիկայում աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի Կոնգրեսի պատգամավորների պալատի՝ ՀՀ հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:

Նա խոստացել է ջանալ, որ Արցախում տիրող իրավիճակը ևս տեսանելի դառնա՝ շեշտելով, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաև շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի հարցում:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ցանկություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստանի հետ գործակցությունը. նա Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա:

2019-ի մայիսին Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն էր, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:

Միչոական դե Օկամպո նահանգը Մեքսիկայի 31 նահանգից մեկն է: Այն 16-րդն է երկրում իր տարածքով և զբաղեցնում է Մեքսիկայի մակերեսի 3 տոկոսը, բնակչությունը մոտ 4 մլն է: